Վիգէն Լ. Ադդարեան
Պոեմա նուիրուած «Թումօ»յի երազին
***
Տղայ. Մեզ ասում են
Թէ չենք կարող ...
Զոյգ. Թէ չենք կարող
Մենք ազգ լինել,
Այլ միայն ցեղ
Ցաք ու ցրիւ:
Աղջիկ. Մեզ ասում են
Թէ հին երգերն էլ
չեն հնչի
Զոյգ. Ժամանակի հորձանուտում
Կեդրոնացած նոր օրերի
սրահներում:
Զոյգ. Մեզ ասում են
Թէ մոռացել ենք մենք
լինել:
Խումբ. Մեզ ասում են
Թէ պարզապէս
մենք չենք եղել:
Տղայ. Թէ մեր երկրի Նոյալեռը
մե'րը չի:
Աղջիկ. Թէ՝ ապրել ենք,
Բայց կորցրել ենք,
Խումբ. եւ դեռ՝
Մեր ոգին էլ պիտի կորչի:
Զոյգ. Մեզ ասում են
Թէ մեր մատեաններում
Խումբ. Վաղուց արդեն աւարտել են
Երազները ծաղկողների:
Զոյգ. Թէ՝ նրանք արդեն իսկ
վառուել են
Խումբ. Հին աշխարհի հազարաւոր
հնոցներում:
Խումբ. Թէ՝ թաղել ենք բոլոր
հերոսները
Մեր պատմութեան
առասպելի:
Աղջիկ. Թէ՝ Վիշապաքարն էլ
չի խօսի,
Տղայ. Եւ թէ՝ ո'չ էլ պիտի
լսուի նորից
Ժայռափորի սեպի հունչը:
Խումբ. Ո'չ էլ նոյնիսկ
Մեհեանների, տաճարների
Աստուածամերձ
խօսքի շունչը:
Տղայ. Մեզ ասում են
Թէ մենք վաղուց
Վաճառել ենք հող, մարդկութիւն
Եւ իրաւունք:
Աղջիկ. Չենք մատուցի էլ պաշտամունք
Լեռնալիճի մեր
ափերում:
Զոյգ. Մեզ ասում են.
Խումբ. «Դուք չէ'ք եղել
Ու չէ'ք լինի»:
***
Տղայ. Ե'ս ասում եմ
Թէ աշխարհի բոլոր
երկինքներում,
Ի'մ արեւն է որ
Կեանք է տալիս:
Աղջիկ. Իսկ ես՝ ծնունդն եմ այն
Որ քայլում է
վաղուան ճամբով:
Խումբ. Թէ իմ սիրտը
Չի լինի խռով
Մարդկանց հանդէպ,
Այլ մշտաբոյր
երազավէպ:
Աղջիկ. Ես՝ դուստրն Հայոց
Բանաստեղծի,
Նրա անունը կրող
պուրակում,
Խումբ. Ահա', մտնում եմ
Մտքի տաճար,
Ահա', դառնում եմ
Կերտող հանճար...
Աղջիկ. Ե'ս՝ տասնամեայ
մի հայուհի,
Տղայ. Ե'ս՝ պատանի
մի սեւաչեայ:
Զոյգ. Քանդակում եմ
Երազներն ի'մ:
Քառատրոփ
քայլում եմ ես,
Եւ շինում եմ
ես թռիչքով:
Տղայ. Բարձրանում եմ,
Աղջիկ. Եւ բարձրացնո'ւմ
Զոյգ. Մի'շտ լինելո'վ:
Խումբ. Մեզ ասում են,
Թէ մենք բնաւ
չենք լինելու:
Տղայ. Իսկ ես՝
Լինում եմ ամէն օր,
Աղջիկ. Իմ երազներն էլ են լինելու:
Զոյգ. Իմ արեւըն է կողմնացոյց,
Ե'ս՝ մարդկութեան Հիւսիսափայլ,
Խումբ. Աշխարհի նոր սերնդներին,
Բոլո'ր մարդկանց,
յոյս եմ բաշխում:
Զոյգ. Իմ արիւնոտ այս լեռներից՝
Խումբ. Ծնունդ տալիս,
Հոգիների համար նորից:
Տղայ. Ե'ս՝ Բանաստեղծ,
Աղջիկ. Այսինքն,
Աստուածաստեղծ Բանն ստեղծող,
Զոյգ. Մարդո'ւն տալիս եմ
Նոր ստեղծում,
Խումբ. Վա'ղը՝ այսօ'ր եմ ես կերտում:
***
Աղջիկ. Ե'ս՝ հայուհի'
Տղայ. Ե'ս՝ պատանի'
Խումբ. Ե'ս՝ անանուն հրաշալի'
Sunday, August 21, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Viken Attarian'en keghetsig yev imasdalits haydnutyun me yevs...Pari vaylum TUMO'i yeridasartnerun.
Migirdic
Post a Comment