Sunday, August 21, 2011

ԵՐԿԱՊԱՏԿԵՐ

Վիգէն Լ. Ադդարեան

Պոեմա նուիրուած «Թումօ»յի երազին

***

Տղայ. Մեզ ասում են
Թէ չենք կարող ...

Զոյգ. Թէ չենք կարող
Մենք ազգ լինել,
Այլ միայն ցեղ
Ցաք ու ցրիւ:

Աղջիկ. Մեզ ասում են
Թէ հին երգերն էլ
չեն հնչի
Զոյգ. Ժամանակի հորձանուտում
Կեդրոնացած նոր օրերի
սրահներում:

Զոյգ. Մեզ ասում են
Թէ մոռացել ենք մենք
լինել:

Խումբ. Մեզ ասում են
Թէ պարզապէս
մենք չենք եղել:

Տղայ. Թէ մեր երկրի Նոյալեռը
մե'րը չի:

Աղջիկ. Թէ՝ ապրել ենք,
Բայց կորցրել ենք,
Խումբ. եւ դեռ՝
Մեր ոգին էլ պիտի կորչի:

Զոյգ. Մեզ ասում են
Թէ մեր մատեաններում
Խումբ. Վաղուց արդեն աւարտել են
Երազները ծաղկողների:

Զոյգ. Թէ՝ նրանք արդեն իսկ
վառուել են
Խումբ. Հին աշխարհի հազարաւոր
հնոցներում:

Խումբ. Թէ՝ թաղել ենք բոլոր
հերոսները
Մեր պատմութեան
առասպելի:

Աղջիկ. Թէ՝ Վիշապաքարն էլ
չի խօսի,
Տղայ. Եւ թէ՝ ո'չ էլ պիտի
լսուի նորից
Ժայռափորի սեպի հունչը:

Խումբ. Ո'չ էլ նոյնիսկ
Մեհեանների, տաճարների
Աստուածամերձ
խօսքի շունչը:

Տղայ. Մեզ ասում են
Թէ մենք վաղուց
Վաճառել ենք հող, մարդկութիւն
Եւ իրաւունք:
Աղջիկ. Չենք մատուցի էլ պաշտամունք
Լեռնալիճի մեր
ափերում:

Զոյգ. Մեզ ասում են.
Խումբ. «Դուք չէ'ք եղել
Ու չէ'ք լինի»:

***

Տղայ. Ե'ս ասում եմ
Թէ աշխարհի բոլոր
երկինքներում,
Ի'մ արեւն է որ
Կեանք է տալիս:

Աղջիկ. Իսկ ես՝ ծնունդն եմ այն
Որ քայլում է
վաղուան ճամբով:

Խումբ. Թէ իմ սիրտը
Չի լինի խռով
Մարդկանց հանդէպ,
Այլ մշտաբոյր
երազավէպ:

Աղջիկ. Ես՝ դուստրն Հայոց
Բանաստեղծի,
Նրա անունը կրող
պուրակում,

Խումբ. Ահա', մտնում եմ
Մտքի տաճար,
Ահա', դառնում եմ
Կերտող հանճար...

Աղջիկ. Ե'ս՝ տասնամեայ
մի հայուհի,
Տղայ. Ե'ս՝ պատանի
մի սեւաչեայ:

Զոյգ. Քանդակում եմ
Երազներն ի'մ:

Քառատրոփ
քայլում եմ ես,
Եւ շինում եմ
ես թռիչքով:

Տղայ. Բարձրանում եմ,
Աղջիկ. Եւ բարձրացնո'ւմ
Զոյգ. Մի'շտ լինելո'վ:

Խումբ. Մեզ ասում են,
Թէ մենք բնաւ
չենք լինելու:

Տղայ. Իսկ ես՝
Լինում եմ ամէն օր,
Աղջիկ. Իմ երազներն էլ են լինելու:

Զոյգ. Իմ արեւըն է կողմնացոյց,
Ե'ս՝ մարդկութեան Հիւսիսափայլ,
Խումբ. Աշխարհի նոր սերնդներին,
Բոլո'ր մարդկանց,
յոյս եմ բաշխում:
Զոյգ. Իմ արիւնոտ այս լեռներից՝
Խումբ. Ծնունդ տալիս,
Հոգիների համար նորից:

Տղայ. Ե'ս՝ Բանաստեղծ,
Աղջիկ. Այսինքն,
Աստուածաստեղծ Բանն ստեղծող,
Զոյգ. Մարդո'ւն տալիս եմ
Նոր ստեղծում,

Խումբ. Վա'ղը՝ այսօ'ր եմ ես կերտում:

***

Աղջիկ. Ե'ս՝ հայուհի'

Տղայ. Ե'ս՝ պատանի'

Խումբ. Ե'ս՝ անանուն հրաշալի'

Sunday, May 15, 1988

ՍԷՐ ԳԻՐԻ ԵՒ ԳԻՐ ՍԻՐՈՅ

Կը կարդա՞ս տողս:
Էջեր ու երկեր
չեմ շինած թէեւ,
Բայց կեանքի տող մը
ունիմ ըսելիք:


Կը կարդա՞ս տաղս:
Ձայներ ու երգեր
չեմ շարած թէեւ,
Բայց խինդի տաղ մը
ունիմ երգելիք:



Անցկութեամբ այրող
տաղերու տողեր,
կը սպասեն տակաւ,
հայեացքիդ շունչին
... որ կենդանանան:



Իսկ հեքիաթները
հոգիիս գիրքին,
կ'ուզեն թերթատուիլ
մատներուդ շոյքով:



* * *


Ա՜խ, ես կ'ուզէի,
այն բառերն ըլլալ
որ դուրս կը ժայթքին
յոյզի խորերէդ,



Ու երբ շարուէի ես ի'մ ետեւէս
կ'ըլլայի քառեա՜կ,
Բանաստեղծութի՜ւն:


Կրէի պիտի, ե'ս ինձմէ' յետոյ,
Անունիդ բոյրը՝
... Ստորագրութի՜ւն ...



Եւ քո'ւ ընդմէջէդ
քե'զ պիտ' զգայի:


* * *


Կը կարդա՞ս տողս:
Կը կարդա՞ս տաղս:



Մոնթրէալ, 15 Մայիս 1988

Saturday, February 22, 1986

ԷՌՈԹԻՔՈՆ - Մեծարենցեան

Մասունք մը լեզուէդ հիմա ըլլայի,
Փակէի քիմքիդ, ուրիշ քիմքերու,
Փաթթուէի յետոյ այլ լեզուներու,
Սողապարելով մոլուցք մ'օձային:

Ըլլայի կորը ողորկ ստինքիդ
Թրթռայի ես հեւքով մը դալար
Շիկանայի հպումով ափերու խելառ
Երբ մագլցին ճամբով կաթի ակունքիդ:

Ապա ըլլայի սրունքիդ բաժին,
Դիտէի վարը, հովիտը թաւուտ,
Նոյնիսկ շփուէի կրքոտ զիստերուդ,
Փարէի սիրոյդ հիւթեղ ակօսին . . .

Քեզի հետ մէկտեղ, ես՝ դո'ւն ըլլայի . . .
Քեզի հետ մէկտեղ, ես՝ զի'ս գիտնայի:


Մոնթրէալ Փետրուար 1986

Friday, November 22, 1985

ԷՌՈԹԻՔՈՆ - Շնորհալիական

Աչքերէդ ետք,
Ակունք որպէս ապագայի,
Մօտենալով մարմնիդ մերկ՝
Մշակն ըլլալ կ'ուզեմ մաշկիդ:

Լեզուս՝ լողորդ լոյսի ճամբով,
փարող լեզուիդ աղուլեղի,
Վազող՝ վիզիդ փոսիկին մէջ,
վար կը սահի հաճոյք դէպի:

Ծաղիկ ծիծերդ երբ կը ծագին
հորիզոնին վրայ ծարաւ՝
ծիածնածին շոյումներու
ծփանքներ է որ կը ծորան:

Պահանջելու կու գամ կրկին
պտուղ պորտէդ:
Պահ մը նոյնիսկ հետը անոր,
պարել նորեն լեզուովս այս խենդ:

Շեմին սակայն՝ երբ շուրթերուդ
ես կը շարժիմ շշնջալու թարմ աղերսներ,
շողեր շինող զգացում մը
կը զառանցէ հեւքով շքեղ:

ու Սրունքներդ դեռ կը սոսկան,
սարսուռներէն ալ երկուքիս:
Սնող սիւներ կարծես ըլլան,
պահող տանիքն ու կուռքերը սուրբ մեհեանիս:

Ոտքերդ որբ չեն այլեւս.
հողին կապուած, արմատացած են անոնց մատներն ալ:
Ոգիներու որդիի պէս՝
բաւարարուած կը սկսիմ . . . ոռնա՜լ:


Ուինիբէկ, Հոկտեմբեր եւ Մոնթրէալ, Նոյեմբեր 1985

Wednesday, May 1, 1985

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Մատներ երկար, պարող, գինով,
ալիքներու սահանքներով
սողացող վեր,
սարդոստայնեան
պարանոցի մը վրայ կիթառի:


Մատներ լեցուն կնճիռներով,
քրտնած, տձեւ ... բայց գեղեցիկ,
յոգնած, սակայն միշտ ժպտացող:


Մատներ թաւիշ, լոյսի աղբիւր,
արեւ եւ սէր ճառագայթող,
շոյող, այրող ինչպէս պատրոյգ:


Մատներ ծառ, ճիւղ, ծաղիկ, պտուղ,
արմատացած հոգիի մէջ,
սնող՝ մանկան մը հայեացքով,
երկինք ուղղուած
որպէս բռունցք մը աղօթքի:

Մատներ, եղունգները խոփի վերածած,
հողը խմող:
Հիւսուած գրիչի, վրձինի հետ՝
ծնելու համար միտքի
նեկտար մը խենթ:

. . .

Մանր մատներ, ձեռք մը ամբողջ,
դեռ նորածին, հեւքով լեցուն,
կառչած յոյսով մատի մ'ուրիշ:


Ուինիբէկ, մայիս 1985